Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԵՄ-ն 500 միլիարդ դոլար է հատկացրել տնտեսության վերականգնմանը

ԵՄ-ն 500 միլիարդ դոլար է հատկացրել տնտեսության վերականգնմանը
25.04.2020 | 10:16

ԵՄ երկրները համաձայնել են 500 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքներից տնտեսության վերականգնմանը՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 23-ի օնլայն սամիթից հետո: Մակրոնի գնահատականով՝ համաճարակային ճգնաժամից ԵՄ ՀՆԱ-ն կկորցնի 5-10%: 27 պետությունների ղեկավարների հաստատած ծրագիրը ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից և նախատեսում է Եվրահանձնաժողովի միջոցով ժամանակավոր գործազրկության ռեֆինանսավորում, որ սկսել էին ԵՄ պետությունները աշխատատեղերի պահպանման համար: Ծրագիրը ներառում է միջոցներ, որոնցից Եվրոպայի ներդրումային բանկը վարկեր կտա տնտեսության՝ պանդեմիայից առավել տուժած հատվածներին: Խոսքը նաև Եվրոպայի կայունացման մեխանիզմի վարկավորման մասին է՝ԵՄ-ի համաճարակից առավել տուժած երկրներին: Ապրիլի 10-ին հակաճգնաժամային այդ փաթեթը 540 միլիարդ եվրո գումարով համաձայնեցրել էին ԵՄ ֆինանսների նախարարները: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այդ միջոցները բավարար չեն, բայց հետագա քայլերի վերաբերյալ պետությունների միջև դեռ կոնսենսուս չկա: «Մեր ապրած շոկը չափվում է եվրոպական ՀՆԱ-ի 5-10 տոկոսով»,-ընդգծել է Մակրոնը: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ կլինեն բյուջետային տրանսֆերտներ, այլ ոչ թե պարզապես վարկեր, և այդ տրանսֆերտները պետք է գնան առավել տուժած շրջաններ ու ոլորտներ»: ԵՄ-ում դեռ միասնություն չկա համերաշխության նոր մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որ թույլ կտա ֆինանսավորել տնտեսության վերականգնումը եվրոպական ընդհանուր պարտքի հաշվին: Բացի «եվրոպական ռազմավարական ինքնավարության ամրպապնդումից»՝ Էմանուել Մակրոնը նշել է Ֆրանսիայի «ռազմավարական ինքնավարության» ամրապնդման անհրաժեծտությունը՝ առաջին հերթին արդյունաբերական արտադրությանը:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը նախազգուշացնում էր, որ երկրին սպասում է վատագույն ռեցեսիա երկրորդ աշխարհամարտից հետո: Ֆրանսիայի աշխատանքի նախարարության տվյալներով՝ ապրիլի կեսին կարանտինի պատճառով՝ ժամանակավորապես գործազուրկ են դարձել 10 միլիոն մարդ:
RFI


Հ.Գ. Զարմանալի ժողովուրդ են եվրոպացիները: Չեխիայի դատարանը վճռել է, որ կառավարությունը պանդեմիայի դեմ պայքարի բովում անօրինական է սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը և փակել առևտրական կետերը: Դատարանի վճիռը վերաբերվում է միայն սահմանափակումների ընդունման ընթացակարգին, բայց ինչպես գտնում են փորձագետները՝ կարևոր դաս է՝ նույնիսկ արտակարգ իրավիճակներում օրենսդիր իշխանությունը չպետք է փորձի թեթևացնել իր կյանքը՝ շրջանցելով օրենքը: Ապրիլի 23-ին Պրահայի քաղաքային դատարանի վճռի էությունը՝ կառավարությունը արգելել է քաղաքացիներին տեղաշարժվել երկրում և երկու մարդուց ավելի հավաքվել, փակել է խանութները՝ առողջապահության նախարարության հրամանով, մինչդեռ դա պետք է արվեր, ինչպես պահանջում է արտակարգ իրավիճակների մասին օրենքը. կառավարության որոշումով, որը հաստատում է խորհրդարանը: Չեխ փաստաբան Յակուբ Բլաժեկը բացատրում է info.cz պորտալում, որ հիմա Չեխիայի կառավարությունը պետք է արագ, մինչև ապրիլի 27-ը, նորից նույն սահմանափակումներն ընդունի ճիշը ընթացակարգով, կամ նրանք կդադարեն գործել մայիսի 1-ից: Դատարանի վճիռը կարելի է բողոքարկել, բայց կառավարությունը նման մտադրություն չի հայտնել: Փոխարենը՝ հայտարարել է կարանտինից արագ դուրս գալու ծրագրերի մասին: Ապրիլի 24-ից հանվել է Չեխիայի քաղաքացիների արտասահման մեկնելու արգելքը (վերադարձից հետո նրանք կամ պետք է կորոնավարակի տեստ հանձնեն, կամ 2 շաբաթով կարանտինի անցնեն), ապրիլի 27-ից կբացվեն մինչև 2500 քառակուսի մետր տարածքով խանութները, մարզասրահները, կենդանաբանական ու բուսաբանական այգիները, մայիսի 11-ից՝ մյուս խանութները ու առևտրական կենտրոնները, մայիսի 25-ից՝ ռեստորանները, հյուրանոցները, թատրոններն ու մնացյալը: Պաշտոնապես այս ծրագրերը դատարանի վճռի հետ կապ չունեն՝ առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը բացատրոււմ է կորոնավիրուսի տարածումը կանխելու հաջողություններով:
Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մյուս երկրների համեմատ՝ Չեխիան միակն է, որ անակնկալ իրեն դրսևորեց իբրև իրավական պետություն, որտեղ ոչ միայն դժգոություններ են ծագել իշխանության գործողություններից, այլև միանգամայն կոնկրետ հայցեր ու դատավճիռներ եղան, որ ստիպեցին իշխանությանը փոխել դիրքորոշումը:


Չեխիան հակադրվում է հատկապես Հունգարիային, որտեղ կառավարությունն անորոշ ժամանակով իրավունք է ստացել երկիրն ուղղակի կառավարել՝ առանց խորհրդարանի մասնակցության, նաև Լեհաստանի, որտեղ իշխող կուսակցությունը՝ ընդդիմախոսների կարծիքով, դիտմամբ չի հետաձգում մայիսի 10-ին նշանակված նախագահական ընտրությունները՝ հույս ունենալով, որ արտակարգ իրավիճակը կօգնի հաղթել նախագահ Անջեյ Դուդային: Թերևս և Հունգարիայում, և Լեհաստանում կլինեն դատական հայցեր: Չեխական դասն աննախադեպ է՝ բոլոր արտակարգ սահմանափակումները պետք է ընդունվեն օրենքի պահպանումով և իրավական պետության սկզբունքով: Ի՞նչ կլինի մյուս երկրներում, դժվար է ասել՝ համակարգերը տարբեր են, բայց Եվրահանձնաժողովը կարող է ԵՄ սկզբունքներն ու արժեքները չպահպանող պետությունների դեմ հայց ներկայացնել ՄԻԵԴ, որտեղ դատերը երկար են տևում ու արագ ազդել կառավարության գործողությունների վրա հնարավոր չէ: Եվրահանձնաժողովն էլ հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին Հունգարիայում և առայժմ միջամտելու հիմքեր չի տեսնում: Չեխ իրավաբան Յակուբ Բլաժեկի կարծիքով՝ Չեխիայի կառավարությունը հիմա կարող է վնասի փոխհատուցման բազում հայցեր ստանալ՝ առողջապահության նախարարության փակած խանութների ու այլ ընկերությունների տերերից: «Կառավարությունը վճռել է շրջանցել օրենքը հենց փոխհատուցումներից խուսափելու համար, որ նախատեսված են արտակարգ իրավիճակների մասին օրենքով, ու դա առանց անհարմար զգալու ասել են կառավարության ներկայացուցիչները, բայց կառավարությունը պարադոքսալ ճանապարհով ինքն է փոխհատուցումների ճանապարհը հարթել: Տխուր է միայն, որ վճարելու են բոլոր հարկատուները»՝ գրել է Յակուբ Բլաժեկը: Արևելյան Եվրոպայի խորհրդային անցյալը բոլոր դեպքերում իրեն զգացնել է տալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ